Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Արցախում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Արցախի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետևանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք և երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», - նշել է Դեյվիդ Վալադաոն:
Կոնգրեսականը հիշեցրել է, որ 2000 թվականից Արցախի տարածքում գործող HALO TRUST կազմակերպությունը արդեն իսկ ականազերծել է և հանրապետության ականապատ տարածքների ավելի քան 90 տոկոսը:
Կազմակերպության գնահատմամբ, մինչև 2020 թիվը Արցախի տարածքը ականներից ամբողջությամբ մաքրելու համար պահանջվելու է 8 միլիոն դոլար: Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջխոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարևորագույն աշխատանքը:
«Լեռնային Ղարաբաղի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարևորությունն անհերքելի է», - ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը կարևորել է ԱՄՆ-ի գործունեությունը, որն ուղղված է մարդկային կյանքերի պահպանմանը: