Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է այսօր տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:
Պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ: Հիշեցնենք, որ լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով: