ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետը կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը, քանի որ որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ:
Գլեբ Նիկիտինն արդյունավետ ու կառուցողական է գնահատել հայ գործընկերների հետ ունեցած բանակցությունների արդյունքները:
«Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները և այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ: Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր ճյուղերում: Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի»,- ասել է Գլեբ Նիկիտինը:
Կարեն Կարապետյանը հավելել է, որ համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաև տրանսպորտի, ավիացիայի, դեղագործության, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և շեշտել ՏՏ բնագավառում հայկական ընկերությունների հաջողությունները: «Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը»,- նշել է վարչապետը: