Ֆլորիդայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կանգուն է իր խաչով, թեթև վնասներ կան եկեղեցում շրջանում: Այս մասին, ինչպես փոխանցում է «Ամերիկայի Ձայնը», հայտնել է եկեղեցու հոգևոր հովիվ հայր Վարդան Ջուլֆայանը՝ անդրադառնալով Իրմա փոթորիկի հասցրած վնասներին:
Նախնական տվյալներով ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել՝ խլելով 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արևելյան ափում, որտեղ գտնվում է եկեղեցին, ավերածությունները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասված ավտոմեքենաներ և ապակիներ: Հայր Վարդանն արդեն խոսել է տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ.
«Ամեն մարդ, փառք Աստծո, ապահով է, այնպես որ իրապես մեր աղոթքը շարունակում ենք առ Աստված, որ մարդիկ վնասներ կրած չլինեն, ամեն մարդ ապահով լինի»: