Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մոր՝ Բելա Լապշինայի հետ Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել, գրում է Արցախպրեսը:
Ուշագրավ է, որ Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրվել այն նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:
Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: