Հայաստանն ու Եվրամիությունն ունեն լուրջ ընդհանուր շահեր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը, փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը: «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի և մեր համագործակցության հիմքում», ասել է Կոսիանչիչը՝ հավելելով, որ այդ նոր համաձայնագիրը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում:
Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք է ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առևտրի և ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաև համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար: Բացի այդ, համաձայնագիրը նաև նոր խթան կհանդիսանա Երևանի և Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացման համար:
Կոսիանչիչը նշել է նաև, որ Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջև ընտրություն կատարել. «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության և այլ գործընկերոջ միջև: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության և կայունության մեջ»: