Այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է արցախյան գինու չորրորդ փառատոնը։ Միջոցառման նախաձեռնող հանդիսացել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, փառատոնին մասնակցող գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրությամբ զբաղվող Արցախի և ՀՀ գինեգործներին ցուցահանդես-տոնավաճառում հնարավորություն էր ընձեռվել՝ ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը: Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվել են նաև հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք:
«Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում ստեղծվել էին նաև առանձին գինեգործական տաղավարներ, գինու սրճարաններ՝ երաժշտական փոքր ներկայացումներով: Բացի այդ, առաջին անգամ արգելոցի ողջ տարածքում կազմակերպվել են էքսկուրսիաներ:
Կայացել է նաև «Տողի ապարանքի գանձերը» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են հնագիտական պեղումների ընթացքում և նվիրատվությունների արդյունքում հավաքագրված բացառիկ իրեր:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԱՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, օտերերկրյա զբոսաշրջիկներ և այլք: