Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանը, ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց» հարթակում, հայտարարեց, որ շուտով Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը հերթական զեկույցը կհրապարակի, որը վերաբերում է Ադրբեջանում հայատյացությանը, գրում է NEWS.am-ը:
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ԼՂՀ ՄԻՊ գրասենյակը շարունակում է ադրբեջանական սոցցանցերում մոնիթորինգը և նոր փաստեր է ներկայացնում: «Փետրվարին համացանցում հայտնված նյութերից ակնհայտ է, որ դիրքերից մեկում ադրբեջանցիները խոսում են ցեղասպանության մասին: Նրանք 2 անգամ հայտարարում են, որ հայերին ցեղասպանություն ցույց կտան: Հայատյացությունն այս մարդկանց մոտ ցեղասպանության մոտիվացիա է ստեղծել»,- ընդգծեց Մելիքյանը:
«Ադրբեջանը շահարկեց մի քանի ամիս առաջ երեխայի և տատիկի սպանությունը: Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը ոչ մի հայտարարություն չի կատարել մեր զոհված Վաղարշակի կապակցությամբ (աշակերտը զոհվել էր ապրիլի 2-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ժամանակ): Մենք մեր տրամադրության տակ եղած լուսանկարները չենք հրապարակել՝ հաշի առնելով, որ Վաղարշակն ազգականներ ունի, իսկ Ադրբեջանը տարածել է դատաբժշկական փորձաքննության լուսանկարները»,- հավելեց օմբուդսմենը:
Նա նաև ընդգծեց, որ «սև ցուցակների» և քրեական հետապնդումների միջոցով Բաքուն փորձում է սահմանափակել Լեռնային Ղարաբաղ այցելությունները: