«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շեշտեց, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և գիտի, որ Թուրքիան առանց այդ խնդրին լուծում տալու չի կարող լուծել քրդական հարցը, կամ առավել ևս չի կարող դառնալ ժողովրդավար երկիր, փոխանցում է Panorama.am-ը:
«Քրդերը սկսեցին հավասարություն պահանջել, հայերն էլ սկսեցին խոսել Ցեղասպանության մասին: 2009-ին՝ 1920 թվականից ի վեր առաջին անգամ, Ստամբուլի կենտրոնում հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Բոլորը սկսեցին գիտակցել, որ Մեծ Եղեռն է տեղի ունեցել: Այժմ դժբախտաբար թուրքական խորհրդարանում Ցեղասպանություն բառի գործածումը կարող է հանցանք դիտվել»,- ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ, Արևմուտքը, ինչպես աչքերը փակել էր Հայոց ցեղասպանության տարիներին, այդպես էլ այժմ փակել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վրա:
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ»,- ասաց նա և նշեց, որ իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը և չորս սերունդ պայքարել է, որ հարցն արդար լուծում ստանա:
«Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ, և յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար»,- այսպես եզրափակեց իր ելույթը Կարո Փայլանը:
Փայլանի ելույթից հետո դահլիճը հոտընկայս ծափահարեց: