Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ բարձր գնահատելով կոնգրեսականների կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնին, Աննա Էշուին և Ջեքի Սփիեռին: