Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է միջազգային ճանաչման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներիայացուցչությունում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը:
«Հանդիպումը շատ արդյունավետ ենք համարում: Երախտապարտ ենք, որ մեզ հանձնվեցին պետական պարգևներ: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ ընթանա: Մեր գործընկերներից մեկը եղել է այնտեղ, մենք նույնպես այցելելու ենք», - ասել է ԱՄՆ կոնգրեսականը՝ հաստատակամություն հայտնելով, որ պետք է ջանքեր գործադրվեն տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման ուղղությամբ: Փալոուն հավելել է, որ Արցախի հայկական լինելը շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար: