Ցանկացած կարգավորման տարբերակի պարագայում Արցախի կարգավիճակը ցածր չի լինելու այսօրվանից: Սա, թերևս ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևորագույն շեշտադրումներից մեկն էր:
Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը մտավ փակուղի, և այսօր միջնորդները ջանքեր են գործադրում այն վերականգնելու ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ ԳԱ շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում՝ կոչված նախագահների հանդիպում կազմակերպելուն: Այս համատեքստում ՀՀ նախագահի ելույթի մի քանի դրույթներ բավական ուշագրավ են:
Նախագահն իր ելույթում ամրագրեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն, առաջին հերթին, մարդու իրավունքների հարց է և պետք է լուծվի մարդու հիմնարար իրավունքների հարգման, այն է՝ ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հիման վրա, մյուս բոլոր խնդիրները ածանցյալ և երկրորդական են: Դրանով Հայաստանը հստակ սահմանեց, որ այս երկու կարևորագույն հարցերում զիջումների մասին խոսք լինել չի կարող: Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու իր ապագան, և կարգավիճակն այսօրվանից ցածր լինել չի կարող:
Մյուս կարևոր շեշտադրումն այն էր, որ Արցախի ճանաչված չլինելը չի խանգարելու Արցախի զարգացմանն ու արցախցիների իրավունքների պաշտապանությունը: Այս դրույթը նոր չէ, բայց ներկայիս բանակցությունների համատեքստում լրացուցիչ նշանակություն է ստանում: Փաստացի, դրանով ՀՀ նախագահը ցույց է տալիս, որ ներկայիս բռնապետական, սեփական երիտասարդությանը հայատյացության հոգով դաստիարակող Ադրբեջանի հետ հիմնախնդրի կարգավորման մասին խոսելն անհեռանկարային է: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը, բայց մոտալուտ կարգավորման հույս չունի և շարունակելու է պայքարել Արցախի միջազգային մեկուսացման դեմ:
Այսպիսով, բանակցությունների հնարավոր վերսկսման նախաշեմին, ՀՀ նախագահն ամրագրում է Հայաստանի համար կարևորագույն սկզբունքները՝ կանխելու Ադրբեջանի հետագա շահարկումները, նախապայմաններն ու դիվանագիտական կեղծ հաղթանակների մասին հայտարարությունները: