Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի նիստի իր ելույթում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից, գրում է Panorama.am-ը:
«Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության՝ ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները ու սատարում նրանց»,- ասաց նա:
Արա Բաբլոյան նաև նշեց, որ այս պահին ուղղաթիռը մեկնում է Արցախ՝ տարբեր երկրներից պատգամավորներ տեղափոխելով այնտեղ:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է:
«Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության, մարտական բարձր պատրաստակամության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա: Բանակը օր օրի ուժեղանում է նաև ձեր աջակցության շնորհիվ»,- ասաց Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահի խոսքով, որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող վեր լինել Արցախի ժողովրդի ազատ կամքի, Արցախի անկախության և անվտանգության, խաղաղության գաղափարից: