ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին առաջին անգամ հնարավորություն ունեցավ ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: ԱՄՆ առաջնորդն անդրադարձավ «Ամերիկան առաջինն է» քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի պատրաստվում միջամտել այլ երկրների ներքին գործերին, ԱՄՆ ռազմական ուժը մեծացնելուն, Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Կուբային, Վենեսուելային, իսլամական ծայրահեղականությանը, ահաբեկչությանը և միգրացիոն ճգնաժամին:
Հաշվի առնելով վերջին շրջանում Փհենյանի միջուկային ակտիվությունը՝ Թրամփի ելույթում Հյուսիսային Կորեային բավականին մեծ ուշադրություն էր հատկացված: Մասնավորապես, ԱՄՆ նախագահը խոստացավ Հս. Կորեայի կողմից սպառնալիքի դեպքում ամբողջությամբ ոչնչացնել այդ երկիրը՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կամ, ինչպես նրան սիրում է անվանել ԱՄՆ նախագահը, «Հրթիռ-մարդը» իրեն և իր ժողովրդին տանում է ինքնասպանության:
Անդրադառնալով Իրանին՝ Թրամփը կրկին նշեց, որ վերջինիս հետ միջուկային համաձայնագիրն ամոթալի է: Նրա համոզմամբ, այդ գործարքը հնարավորություն է տալիս Իրանին, որը հովանավորում է ահաբեկչությունը և ապակայունացնող գործունեություն է ծավալում Մերձավոր Արևելքում, գաղտնի զարգացնել միջուկային ծրագիրը:
Թրամփը հանդես եկավ նաև Վենեսուելայի և Կուբայի իշխանությունների քննադատությամբ՝ նշելով, որ չի պատրաստվում չեղարկել Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները:
Հաստատելով ԱՄՆ հանձնառությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ Թրամփն ընդգծեց, որ ԻՊ դեմ պայքարում թերևս ամենամեծ հաջողությունները գրանցվել են իր նախագահության օրոք: Անդրադարձ արվեց նաև փախստականների խնդրին. ՄԱԿ-ում ելույթի ժամանակ ևս Թրամփը ընդգծեց, որ մտադիր չէ ընդունել միգրանտներին, փոխարենը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերջիններիս ընդունող երկրին և փախստականների հայրենիքում իրավիճակի բարելավմանը:
Նշենք, որ իր ելույթում Թրամփը Ռուսաստանին ուղղակիորեն չանդրադարձավ. նշեց, որ պետք է հարգվի ինքնիշխանության իրավունքն ամբողջ աշխարհում՝ Ուկրաինայից մինչև Հարավչինական ծով և շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին ՄԱԿ ԱԽ-ում Հս. Կորեայի դեմ բանաձևը պաշտպանելու համար:
Այսպիսով, կարելի է արձանգարել, որ մեծ հաշվով Թրամփը Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելությում որևէ նոր բան չասաց՝ վերահաստատելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությանները: