«Մեր պատրիարքը հիվանդ է, 10 տարի է դատարկ է այդ աթոռը: Թուրքիայի հայերը ընտրված հոգևոր հայր չունեն: Այս խնդիրը մեծ է»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, գրում է Panorama.am-ը:
«Սրա համար մենք կարիք ունենք ընտրված պատրիարքի, բայց, դժբախտաբար, վերջին տարիներին ազգայնական քաղաքականությունը բարձրանում է: Այս պայմաններում պետությունն ասում է՝ իմ ուզած պատրիարքը պետք է լինի: Նման խնդիր կա: Ունենք 5-6 թեկնածու: Մենք էլ ուզում ենք, որ, անշուշտ, մեր ժողովրդի համար ով լավ լինի, նա ընտրվի: Այդ պատրիարքը պետք է բոլոր հայերիս պատրիարքը լինի»,- ասաց Կ. Փայլանը՝ հավելելով, որ ջանքեր կգործադրի, որ այդ ընտրությունն օր առաջ լինի: