Ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական քարոզչության ուղղությամբ. Մանե Թանդիլյան

18:19     25 սեպտեմբերի, 2017

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով Եվրանեսթ ԽՎ-ի կողմից Բաքվում կազմակերպված համաժողովին մասնակցող հայկական պատվիրակությունն ամբողջ ժամանակ եղել է բոլորի ուշադրության կենտրոնում, գրում է Panorama.am-ը:

«Կարծում եմ՝ նիստին մասնակցելը շատ ճիշտ որոշում էր: Ադրբեջանական կողմն այդ նիստը փորձում էր վերածել հակահայկական քարոզի, և ես Հայաստան վերադառնալուց հետո հասկացա, որ չպետք  է բաց թողնենք որևէ հարթակ՝ ներկայացնելու մեր երկիրը: Ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական քարոզչության ուղղությամբ, և մենք պետք է հասկանանք, որ նրանք օգտագործելու են յուրաքանչյուր միջազգային հարթակ՝ հաջողությոսւններ ամրագրելու համար»,- ասաց հայ պատվիրակը:

Մանե Թանդիլյանը չհամաձայնեց հաճախ շրջանառվող այն տեսակետի հետո, որ Բաքվում կայացած համաժողովն այդքան էլ կարևոր չէր: Նա համոզմունք հայտնեց, որ անկարևոր հանդիպումներ չկան, մանավանդ եթե դրանք կայանում են արտերկրում:

«Մենք պետք է հասկանանք, որ պատերազմական իրավիճակը շարունակվում է, և այն յուրաքանչյուր հարթակում է: Բացի այդ՝ պետք է կարողանանք պատշաճ և արժանապատիվ կերպով ներկայացնել Հայաստանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայկական պատվիրակությունը կարողացավ կանգնեցնել Բաքվում հակահայկական քարոզչություն դարձող միջոցառումը: Ադրբեջանցիները, նրա համոզմամբ, հասկացան, որ որևէ միջազգային հարթակ չպետք է օգտագործեն հակահայկաան քարոզչություն իրականացնելու համար:



© armedia.am