Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հորդանանի Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագիր Է ստորագրվել ԵԱՏՀ-ի կոլեգիայի ինտեգրման և մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի և Հորդանանի արդյունաբերության, առևտրի ու մատակարարումների նախարար Յարուբ Քուդայի միջև սեպտեմբերի 20-ին Ամմանում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է ԵԱՏՀ մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանում ԵԱՏՄ-ի երկրների դեսպանությունների ներկայացուցիչները: Հորդանանի արդյունաբերության և առևտրի նախարարը ԵԱՏՀ-ի հետ հուշագրի ստորագրումը երկար սպասված իրադարձություն Է համարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ իր երկրի հարաբերությունների պատմության մեջ: «ԵԱՏՀ-ի հետ հուշագրի տեսքով հովանի չունենալով անհնարին Է առաջ շարժվել Եվրասիական տնտեսական միությունից մեր գործընկերների հետ համագործակցության զարգացման ճանապարհով: Սա մեր առաջին շրջանակային փաստաթուղթն Է Հորդանան-ԵԱՏՄ ձևաչափով, որով մենք հիմք դրեցինք համագործակցության նոր փուլի համար: Այժմ մենք պարզորոշ հասկանում ենք՝ ինչ Է ԵԱՏՄ-ն և ինչպես աշխատել նրա հետ»,-հայտարարել Է Յարուբ Քուդան:
Հորդանանի նախարարը նշել Է, որ իր երկիրը պատրաստ Է ոչ միայն ավելացնել ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ, այլև քննարկել տնտեսական ինտեգրման խորացման, նոր համատեղ արտադրությունների գործարկման հնարավորությունները:
Իր հերթին Տատյանա Վալովայան հայտարարել Է, որ «Եվրասիական տնտեսական միության ստեղծման բուն փաստը, արտաքին գործընկերների լայն շրջանակի կողմից մեր նախագծի նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը և միջազգային ասպարեզում մեր հաջող աշխատանքը՝ այս ամենն իրական Է դարձնում աշխարհում տնտեսական գործընկերությունների նոր շղթաների հայտնվելը»: