Վրաստանում նոր սահմանադրություն են ընդունում։ Խորհրդարանն արդեն ընդունել է սահմանադրական փոփոխությունները, որոնցում բավականին ուշագրավ դրույթներ կան՝ կապված ընտրական գործընթացների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ջավախք» հիմնադրամի ղեկավար Արտյուշ Գրիգորյանը: Նա մասնավորապես նշում է.
«Եվ այսպես․ 2024 թվականից նախագահն ընտրվելու է ոչ ուղիղ քվեարկությամբ, այլ 300 ընտրիչների կողմից։ Այս կարգը սովորաբար կիրառվում է դաշնային կառուցվածք ունեցող երկրներում և անհասկանալի է՝ Վրաստանն ինչու՞ է ուզում կիրառել այս փորձը։
2020 թվականից խորհրդարանական ընտրությունների նվազագույն շեմը 5 տոկոսի փոխարեն կլինի 3 տոկոս։ Այս փոփոխությամբ, փաստորեն, հնարավորություն է առաջանում, որպեսզի խորհրդարան անցնեն ավելի շատ քաղաքական ուժեր։ Բայց 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին 5 տոկոս նվազագույն շեմը կպահպանվի, և ամենաուշագրավ դրույթը հենց այստեղ է, որ 5 տոկոս շեմը չհաղաթահարած ուժերի տոկոսները կգումարվեն ոչ թե խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների տոկոսներին՝ ըստ համամասնության, այլ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։ Վրաստանի նախագահը և որոշ շրջանակներ հատկապես այս դրույթը քննադատում են, համարելով ետքայլ ժողովրդավարությունից։ Վրաստանի նախագահն ունի վետոյի իրավունք և առաջիկայում պարզ կլինի սահմանադրության վերջնական տարբերակը»։