Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկյան համանախագահ Էնդրյու Շեֆերը կշարունակի ներկայացնել Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում: Այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան NEWS.am–ի հարցման։
Դեսպանատանը նշել են, որ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն շարունակում է հոգալ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի գործառույթների հետ կապված կադրային համալրման ու օժանդակության հարցերը:
«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Բայց ի վերջո խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»,– ասված է հայտարարության մեջ։