Այսօր աշխարհում համար մեկ ամենաքննարկվող թեմաներից է Կատալոնիայի անկախացման հանրաքվեն: Չնայած պաշտոնական Մադրիդի նախազգուշացումներին, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ և չնայած այդ հանրաքվեի իրականացումը կասեցնելու բոլորի քայլերին՝ անկախացման աջակիցները չեն հանձնվում: Ինչևէ, այս գործընթացում հատկանշական է նաև այն հանգամանքը, որ կատալոնցիների մոտ էլ միանշանակ կարծիք չկա այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իրենք ուզում են անկախանալ Իսպանիայից:
«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է մի քանի կատալոնցիների հետ՝ հասկանալու այդ շրջանում տիրող տրամադրություններն ու թե նրանք ինչ կարծիք ունեն հոկտեմբերի 1-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ:
«Կատալոնիայի անկախացմանը կողմ եմ քվեարկելու մի քանի պատճառով: Նախ, մենք բոլորս էլ ցանկանում ենք պաշտպանել մեր մշակույթն ու լեզուն: Երկրորդ, մենք Իսպանիայից առանձնանալու տնտեսական պատճառներ ունենք: Մենք Իսպանիայում ամենաբարձր հարկերն ենք վճարում և 38% պակաս ենք հետ ստանում: Մենք ցանկանում ենք ինքներս մեզ կառավարել», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է Կատալոնիայում նվերների խանութի համասեփականատեր Սիլվիա Կանետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա աջակցում է Կատալոնիայի անկախացմանը:
Մարզիչ Էսթեր Վիլախոանան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկանում է Կատալոնիան տեսնել անկախ, իսկ որպես նման ցանկության պատճառ նա նշեց այն, թե ինչպես է Իսպանիայի կառավարությունը վերաբերում կատալոնցիներին և Կատալոնիային:
«Տարիներ շարունակ մենք պայքարում ենք իսպանական կառավարության հետ`ավելի լավ ֆինանսավորման համար: Մենք առանձին ազգ ենք և ուզում ենք ճանաչվել և հարգված լինել», - ասել է մարքեթինգի մասնագետ Էլիզենդա Կոմա դը Պագեսը` ավելացնելով, որ ցանկանում են ունենալ ազատ երկիր, որտեղ մարդիկ կարող են ասել, թե ինչպես են ցանկանում ապրել:
Ի տարբերություն այս կարծիքներին՝ Կատալոնիայում արտահանման մենեջեր Սերխիո Հերերան էլ նշեց, որ դեմ է հանրաքվեին: «Ես դեմ եմ ապօրինի հանրաքվեին, որովհետև Կատալոնիայի կառավարությունը խաբում են կատալոնցիներին»:
«Արմեդիա» ՏՎԳ զրուցակիցները համոզված են, որ չնայած Մադրիդի գործողություններին, կատալոնցիները կգնան քվեարկության:
«Իսպանիայի կառավարությունը հազարավոր ոստիկաններով սպառնում է մարդկանց և արգելում է ազատ արտահայտվելու իրավունքի իրացումը: Բայց մենք այլևս չենք վախենում և վճռական ենք խաղաղ ճանապարհով տեր կանգնել մեր իրավունքներին: Ես վստահ եմ, որ մենք կքվեարկենք», - ասաց Սիլվիա Կանետը:
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, եթե այն ի վերջո տեղի ունենա, մեր զրուցակիցներն, անգամ Սերխիոն, ով դեմ է հանրաքվեին, նշեցին, որ ամենայն հավանականությամբ «Այո»-ն կհաղթի:
«Իմ զգացողությամբ կատալոնցիների մեծամասնությունն այսօր կողմ է անկախացմանը: Այսպիսով, անկախացման համար քվերակողները կհաղթեն», - նշեց Էսթերը: