Զապորոժյեում մահափորձ են կատարել Հայերի միության մարզային ղեկավար Արտաշես Սարգսյանի նկատմամբ: Այս մասին հաղորդել է կազմակերպության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը, փոխանցում է news.am-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Շևչենկոյի բուլվարում: Սարգսյանի վրա կրակել են, երբ նա դուրս է եկել մեքենայից: Թիկնապահը հասցրել է ծածկել նրան և հրազենային վնասվածք է ստացել. գնդակը դիպել է որովայնին և թափանցել:
Նշվում է, որ թիկնապահին հիվանդանոց են տեղափոխվել մինչև շտապօգնության ժամանումը: Նա գտնվում է հինգերորդ քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Մահափորձից հետո Արտաշես Սարգսյանը մտել է շենք, որտեղ տեղակայված է Հայերի միության գրասենյակը: «Մենք չգիտենք, թե ինչի հետ կարող է կապված լինել մահափորձը: Մեր կազմակերպության անդամները որևէ անօրինական գործունեություն չեն իրականացնում: Ակնհայտ է, որ քաղաքում ինչ-որ մեկը մեր դեմ է», - ասել է Միության փոխնախագահ Հակոբյանը: