ԱՄՆ Ոստիկանությունը հայտարարել է, որ Լաս Վեգասի բնակիչների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Պադոկն է, փոխանցում է BBC-ն:
Պադոկն ապրել է Նևադա նահանգի Մեսքիթ քաղաքում: Ոստիկանության աշխատակիցները նրա համարում 10 հրացան են գտել, բայց ինչպես և երբ են դրանք այդտեղ հայտնվել, դեռևս հայտնի չէ: Ոստիկանությունը հայտնել է, որ Պադոկը կարող էր Mandalay Bay հյուրանոցում լինել սեպտեմբերի 28-ից:
Նշվում է, որ Պադոկը մինչև թոշակի անցնելը հաշվապահ է աշխատել: Նա թեթև շարժիչով ինքնաթիռների վարման լիցենզիա է ունեցել և երկու ինքնաթիռի սեփականատեր է եղել, հաղորդել է ոստիկանությունը:
«Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչու Սթիվենը նման բան արեց»,- ոստիկանությանը հայտնել է Պադոկի եղբայրը: Նա նաև նշել է, որ իրենց հայրը բանկեր է թալանել ժամանակին և եղել է ՀԴԲ ամենավտանգավոր հանցագործների ցուցակում:
Հիշեցնենք, որ Քանթրի երաժշտության փառատոնում հրաձգության հետևանքով առնվազն 58 մարդ սպանվել է, մոտ 500-ը`հոսպիտալացվել: