ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Նիստի արդյունքում երկու խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն, ինչը բարձր է գնահատում ռուս-հայկական դիվանագիտական 25-ամյա հարաբերությունների ընթացքում ձևավորված միջխորհրդարանական փոխգործակցության մեխանիզմները:
Ստորագրված համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունների և համագործակցության շարունակական զարգացման և ամրապնդման հարցում:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Այս համատեքստում կողմերը հայտնել են իրենց աջակցությունը ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղ զարգացման ապահովմանը: Կողմերը նաև վերահաստատել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում խաղաղ և փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում առկա սկզբունքների վրա:
Կարևորվել է նաև փոխադարձ տնտեսական ինտեգրման խորացման և զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական միության՝ որպես արդյունավետ և մրցակցային միավորի նպատակներին և խնդիրներին հասնելու համար:
Որպես պետության արտաքին քաղաքականության անքակտելի տարր՝ կողմերը մեծապես կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը, ընդգծել համատեղ նիստերի անցկացման պրակտիկան:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ համատեղ նիստն անցկացնել Երևանում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում: