Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նիստը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսված այնուհետև սպանության հիմնական գործին միացված դատավարության շրջանակներում որպես կասկածյալներ անցնում են Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանությունում, հետախուզական վարչություններում ու ժանդարմերիայում պաշտոններ զբաղեցրած անձինք: Նախօրեին տեղի ունեցած դատավարության 56-րդ նիստին տեղի է ունեցել 2007 թվականին Տրապիզոնի նահանգային ոստիկանության հետախուզական վարչության սպա Թևհիք Ջանթյուրքի պաշտպանությունը:
Ջանթյուրքն ասել է, որ Դինքի սպանության մասին իմացել է հեռուստատեսային լուրերից: Վերջինի խոսքով նա իր 2 ծառայակիցների հետ դուրս էր եկել ընդմիջման և հենց սրճարանի հեռուստացույցով վազող տողով հեռարձակվող լուրերից էլ տեղեկացել է սպանության մասին:
«Այդ ժամանակ իմ կողքի 2 ծառայակից ընկերներս ասացին. «գիտեինք, որ սպանելու են: Մի մարդու չկարողացան պաշտպանել»:
Ես էլ զանգահարեցի Էրջան Դեմիրին և տեղեկացրեցի նրան կատարվածի մասին: Վերջինս ինձ պատասխանեց, որ իրենք գիտեին սպանության նախապատրաստության մասին ու դրա վերաբերյալ գրություն էին ուղարկել Ստամբուլ»,- պատմել է Ջանթյուրքը: