ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով Միլան Շտեխին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ կարևորել է ՉՀ հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը՝ Չեխիան համարելով մեր ամենակարևոր գործընկերներից մեկը Եվրոպայում:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և ընդունող բանաձևի ընդունման համար:
Արա Բաբլոյանը փաստել է, որ Եվրոպական միությունը եղել ու մնում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ հույս հայտնելով, որ նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ հարաբերությունները կմտնեն իրավական նոր հարթություն:
Արա Բաբլոյանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնահարցին՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ հարցը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
ՀՀ ԱԺ նախագահն իր անհանգստությունն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ. «Մեր մտահոգությունը կրկնապատկվում է, որովհետև ադրբեջանական կողմը չի ցանկանում նստել բանակցային սեղանի շուրջ և խաղաղ լուծում տալ հարցին: ԼՂ հիմնահարցը, ցավոք, չի դիտարկվում որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ որպես տարածքային խնդիր»:
Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունն ու հարաբերությունների աշխուժացումը:
Պարոն Շտեխը նշել է, որ ակնհայտ են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն ու ժողովրդավարական առաջընթացը, և հույս հայտնել, որ ԵՄ հետ կնքվող նոր պայմանագիրը կխթանի հարաբերությոնների զարգացմանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Միլան Շտեխը նշել է.«Համակարծիք ենք Ձեզ հետ, որ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, և ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որով այս հարցը կարող է քննարկվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող գերտերությունները պետք է ապահովեն հարցի խաղաղ լուծումը»:
Միլան Շտեխը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Չեխիա:
Հանդիպման ավարտից հետո Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխն Ազգային ժողովի այգում եղևնի է տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության: