Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը, «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղեկանում ենք դեսպանատան պաշտոնական էջից:
Ներկայացնում ենք կայանալիք միջոցառումների ցանկը.
Հոկտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) երևանյան մասնաճյուղում տեղի կունենա «Արգենտինական տանգո. երաժշտություն և ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է «Վերջին ծափողջյուն», «Վերջին բանդոնեոնահարը» և «Զգալով Պիացցոլային» վավերագրական ֆիլմերը: Ցուցադրությունների մուտքն ազատ է:
Հոկտեմբերի 12-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, որին կմասնակցեն նաև արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն:
Իսկ շաբաթվա վերջում արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է մեծ անակնկալ. տանգոյի բացօթյա համերգ, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, և վարպետության դաս բոլոր ցանկացողների համար: