Իսպանացի արվեստագետ Ալբերտո Լեվի Մակեդոն Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է BrainArt՝ տեխնոլոգիաների և արվեստի ներդաշնակ համադրումը, փոխանցում է Արցախպրեսը:
Ալբերտո Լեվի Մակեդոյի ներկայացման ընթացքում սաքսոֆոնահար Ավետ Բադալյանի կենդանի կատարումը, անցնելով BrainArt սարքի միջոցով, վերածվել է տեսողական ինստալյացիայի, որը գեներացվել է այն ինֆորմացիայից, թե ինչպես է երաժշտությունը ազդում մարդու ուղեղի վրա։
«Իմ ստեղծած էլեկտրոնային սարքն այսօր՝ տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, հեշտությամբ կարելի է պատրաստել: Դա հանգստացնում է ուղեղի աշխատանքը»,- ասել է Մակեդոն և ավելացրել, որ այն, ինչ ցուցադրվել է էկրանին, այլևս չի կրկնվելու, քանի որ զգացմունքները երբեք նույնը չեն լինում:
Նա առանձացրել է չորս նախապայման, որն անհրաժեշտ է նոր նախագծեր իրականացնելու համար: «Ստեղծարարները նախ և առաջ պետք է լինեն «հակեր», «գող», «ստեղծող» և «ուսուցիչ»: Մարդկանց մոտ միշտ էլ լինում են գաղափարներ, սակայն երբ ինչ-որ մեկը չի կարողանում այն իրականացնել, դու կարող ես առաջարկել քո նախատիպը և կյանքի կոչել»,- ասել է Մակեդոն:
Ալբերտո Լեվի Մակեդոն խոսել է հետագա համագործակցության մասին և ասել, որ պատրաստ է ընդունել ու քննարկել արցախցի պատանիների առաջարկները, իսկ լավագույնների դեպքում համագործակցել: