Հոկտեմբերի 10-ին Անկարայում կայացած Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի հրաժեշտի արարողությանը չեն մասնակցել ո՛չ թուրքական իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին, արարողությունը լուսաբանվել է սակավաթիվ լրագրողների կողմից, քանի որ հրավիրված լրագրողների մեծ մասը նույնպես չի ներկայացել արարողությանը:
CNN-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի ճանաչում ներկայիս ԱՄՆ դեսպան Ջոն Բասի լիազորությունները:
«ԱՄՆ-ի դեսպանը ցանկանում է հրաժեշտի այցով հանդիպել մեզ հետ: Ո՛չ ես, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ խորհրդարանը չենք ընդունում այդ դեսպանի հրաժեշտի այցը: Մենք նրան չենք տեսնում որպես Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ»,- ասել էր Թուրքիայի նախագահը: