ՀՀ կառավարություն հոկտեմբերի 12-ի նիստում համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:
Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը պաշտպանական վարկի տրամադրումը պայմանավորում է Հայաստանի կողմից հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման հետ:
«Այլ պատճառներ չեն կարող լինել, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական անհավասարակշռությունը վերացվել է դեռ անցած տարի: Այնպես որ Հայաստանն այժմ ուժեղացնում է իր ռազմական ներուժը՝ Ռուսաստանից գնելով հարվածային համակարգեր», - РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում նշել է Եվսեևը:
«Հարվածային անօդաչու թռչող սարքեր Հայաստանն արդեն ինքն է արտադրում, ռադիոտեղակայման համակարգեր վերջերս է գնել, իսկ Իսկանդերները գնվել են 2016 թվականին: Ուստի, Հայաստանն այժմ հետաքրքրված է ՀՕՊ համակարգերով, որպեսզի զրոյացնի Ադրբեջանից եկող օդային սպառնալիքը», - նշել է փորձագետը՝ հավելելով, որ հենց այս ուղղությամբ է Հայաստանին հարկավոր ուժեղացնել մարտունակությունը, քանի որ Ադրբեջանն Իսրայելի շնորհիվ առավելություն ունի մարտական ավիացիայում: