Հոկտեմբերի 7-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը: Աշխատանքները նախաձեռնել և ֆինանսավորել են ֆրանսաբնակ եղբայրներ Հրաչ–Անուշավան և Հակոբ Քրմզյանները: Նպատակը մեկն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել բանաստեղծին և սերունդներին փոխանցել Դուրյանի պես մարդկանց հիշատակը վառ պահելու գաղափարը:
Ինչպես հայտնում է Akunq.net-ը՝ հղում կատարելով «Հայերն այսօր»-ին, մտահղացումը ծագել է մեկ տարի առաջ, երբ 2016 թ. հոկտեմբերի 1-ին Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյան եղբայրների նախաձեռնությամբ նորոգվեց ու բացվեց պոլսահայ հայտնի ճարտարապետներ Պալյանների ընտանեկան գերեզմանակոթողը, որը կառուցվել է Բեշիքթաշ թաղամասում Պալյանների կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի տեսքով։