Պաղեստինը ՅՈւՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ որոշումն անվանել է ծայրահեղ քաղաքականացված: «Մենք զղջում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի ծայրահեղ քաղաքական և սխալ որոշման համար, որն ուղղված է կազմակերպության գործունեության և մշակութային, կրթական և ժառանգության հարցերի վրա կենտրոնացումը սահմանափակելուն», - հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարարությունը:
Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ-ը հայտարարել է, որ լքում է ՅՈւՆԵՍԿՕ-ն և 2019 թվականից կազմակերպությունում ներկայացված կլինի որպես դիտորդ: ԱՄՆ-ի հայտարարությանը հետևել էր կառույցը լքելու մտադրության մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը:
Նշենք, որ սա կառույցում ԱՄՆ-ի և Իսրայելի առաջին դեմարշը չէ: Այսպես, 2011 թվականին, երբ Պաղեստինը դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ, Իսրայելը դադարեցրեց իր անդամակցությունը, իսկ ԱՄՆ-ը՝ անդամավճարների փոխանցումը (2011 թվականից ի վեր չի վճարում): Ավելի վաղ՝ 1984 թվականին, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ն Արևմտյան ափի Հեբրոն քաղաքի պատմական մասը ճանաչեց Պաղեստինի մշակութային ժառանգության մաս, ԱՄՆ-ը դադարեցրեց կառույցին իր անդամակցությունը, որը վերականգնեց միայն 2002 թվականին:
Չնայած դաշնակիցների այդ քայլին՝ կառույցն իր վերաբերմունքը չի փոխել: Այսպես, 2016 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն բանաձև էր ընդունել այն մասին, որ Տաճարի լեռը բացառապես մուսուլմանական սրբավայր է: Կառույցին դեմարշ հայտարարելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշումն այս անգամ տեղի է ունենում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների ֆոնին: Այսպես, ամենահավանական թեկնածուներն են Կատարի և Ֆրանսիայի ներակայցուցիչները (վերջինս մարոկկացի է): Սա ամենայն հավանականությամբ Իսրայելում լուրջ սպառնալիք են համարում իրենց շահերի համար: Սակայն հետաքրքիր է, որ այս կապակցությամբ իր բողոքն առաջինն և առավել կտրուկ արտահայտում է ԱՄՆ-ը, ոչ թե՝ Իսրայելը:
Կարծում ենք, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Թել-Ավիվը հստակ գիտակցում են, որ իրենց այդ քայլը ցանկալի արդյունք չի ունենալու՝ հաշվի առնելով նախորդ փորձերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ԱՄՆ անդամակցության դադարեցումն առանձնապես մեծ կորուստ չի լինի՝ հաշվի առնելով, որ վերջինս արդեն երկար տարիներ չի վճարում անդամավճարները:
Ակնհայտորեն, ԱՄՆ-ի գործողությունները նաև այլ նպատակ են հետապնդում սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ Թրամփն ակտիվորեն առաջ էր տանում կազմակերպությունում բարեփոխումներ իրականացնելու հարցը, այժմ ԱՄՆ-ը, դուրս գալով ՅՈւՆԵՍԿՕ-ից հայտարարում է, որ կվերադառնա միայն բարեփոխումներ իրականացնելու դեպքում: Սա հստակ ազդանշան է ՄԱԿ-ի և միջազգային հանրության համար ընդհանրապես, որ ԱՄՆ-ը կարող է վճռական գործողությունների դիմել, եթե զարգացումներն իր ծրագրած ընթացքը չստանան: Սակայն Վաշինգտոնի նման գործելաոճը կարող է հանգեցնել վերջինիս միջազգային մեկուսացման, ինչի մասին արդեն խոսում են բազմաթիվ վերլուծաբաններ:
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO)՝ Միավորված ազգերի կազմակերպության հատուկ գործակալություն, որը հիմնվել է 1945 թվականին։ Նրա հաստատված նպատակն է համերաշխության և անվտանգության օժանդակությունը՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման միջոցով՝ համընդհանուր հարգանքի և արդարության տարածման համար։ Կազմակերպության գլխավոր վարչությունը գտնվում է Փարիզում։