ԵԽԽՎ աշնանային այս նստաշրջանը կարևորվեց ոչ միայն նոր նախագահի ընտրությամբ, այլ նաև Ադրբեջանի վերաբերյալ 2 բանաձևերի ընդունմամբ: Այս երկու իրադարձություններն էլ, կարծես, վերջերս ակտիվացած գործընթացի տրամաբանական շարունակությունը դարձան:
Խոսքը վերաբերում է Ագրամունտի շուրջ ծավալված սկանդալին և «ադրբեջանական լվացքատան» բացահայտմանը, որոնցից հետո Ադրբեջանին ուղղված Արևմուտքի քննադատությունները դարձան ավելի կտրուկ և կոշտ: Արևմտյան որոշ պաշտոնյաներ անգամ հանդես եկան կոչով` պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Հատկանշական է, որ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող զեկույցը, որը 117 կողմ ձայներով դարձավ բանաձև, ոչ միայն նշում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վատթարացող վիճակի մասին, այլ նաև կոչ է անում անհապաղ կատարել ՄԻԵԴ որոշումները, վերանայել քաղբանտարկյալների գործերը, ճնշում չգործադրել ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ:
Ինչ վերաբերում է 2014թ-ին ԵԽ-ում Ադրբեջանի նախագահությանն առնչվող բանաձևին (կողմ է քվեարկել 114 պատվիրակ), ապա այնտեղ շեշտվում է, որ Ադրբեջանի նախագահությունը ԵԽ-ում զուգակցվել է այդ երկրում մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարումներով, ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ և իրավապաշտպաններ, ովքեր համագործակցել են ԵԽ հետ՝ կոչ անելով վերջ դնել այդ գործելաոճին:
Այս երկու բանաձևերի դեպքում էլ բավականին կարևոր է նաև այն հանգամանքը, որ, մինչև բանաձև դառնալը, քննարկումների և արված առաջարկների հիման վրա զեկույցները ենթարկվել են մի շարք փոփոխությունների: Արդյունքում Ադրբեջանին ուղղված քննադատությունները դարձան առավել կոշտ:
ԵԽ անդամ հանդիսացող Ադրբեջանում արդեն տասնյակ տարիներ է, ինչ հնարավոր բոլոր ձևերով և եղանակներով խախտվում են մարդու իրավունքները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, մարդիկ ենթարկվում են բռնաճնշումների: Սա պետք է որ դեռ վաղուց մտահոգած լիներ այս կառույցին՝ ստիպելով դիմել համապատասխան քայլերի՝ կանխելու հետագա սրացումները: Ինչևէ, ԵԽ-ին դա առավելապես անգանգստացրեց, երբ նախագահում էր Ադրբեջանը: Ինչպես ասում են. «Լավ է ուշ, քան երբեք»: Այնուամենայնիվ, այս բանաձևերի ընդունումն էլ դժվար է համարել բավարար քայլ, քանզի վերջիններս ունեն միայն խորհրդատվական բնույթ: Վաղուց արդեն ժամանակն է դիմել իրական և հստակ գործողությունների: