ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին և հանդես է եկել ելույթով:
«Հարգելի նախագահող,
հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
կցանկանայի առաջին հերթին շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին հյուրընկալության և Միջխորհրդարանական միության վեհաժողովի գերազանց կազմակերպման համար:
Լինելով առաջին քրիստոնյա երկիրն աշխարհում, գտնվելով տարբեր մշակույթների և կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ յուրահատուկ հնարավորություն է ունեցել հաղորդակցվելու բազմաթիվ քաղաքակրթությունների հետ:
Պատմության ողջ ընթացքում բռնությունը ջնջել է երկրագնդի երեսից շատ քաղաքակրթություններ և իրենց բնօրրաններում ոչնչացրել եզակի մշակութային շերտեր:
Իրավիճակը սարսափելի է նաև հարևան Ադրբեջանում, ուր ոչնչացվել է հայկական մշակութային և հոգևոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր և այլ սրբավայրեր:
Համանման իրավիճակ է տիրում նաև Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված և հետևողականորեն ավերվել է:
Հարգելի գործընկերներ,
այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունը, որն իրականացվում է մի շարք երկրների կողմից, շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Մեկն այդ երկրներից Ադրբեջանն է, որը փոխանակ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընտրել է ուժի լեզուն՝ ռազմատենչ և այլատյաց հռետորաբանությունը:
Բաքուն մերժում է միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկները, հրաժարվում է իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա և ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաղորդել միջէթնիկական և միջկրոնական բնույթ, որը որևէ տեղ չի տանում: Սակայն, հակամարտության էությունը բոլորովին այլ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է:
Մահաթմա Գանդին ասել է. «Անհանդուրժողականությունն ինքնին բռնության ձև է և խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգու աճին»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: