Ավելի քան մեկ տարի տևած դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ժնևում: Շվեյցարիայում հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Այն կայացավ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո նախագահներն ունեցան նաև առանձնազրույց:
Երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքները համատեղ հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում, և նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:
Տվյալ հայտարարությունից կարելի է կատարել երկու եզրակացություն: Առաջին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում (չնայած Բաքուն փորձում է ամեն կերպ համոզել հակառակում), և երկրորդ՝ հակամարտության կարգավորման քաղաքական ասպեկտը և լարվածության թուլացմանն ուղղված քայլերը (այսինքն՝ պայմանավորվածությունների իրականացումը) հանդիսանում են զուգահեռ գործընթացներ:
Նախագահների հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է համարել դրական՝ մասնավորապես հետապրիլյան լարվածության ֆոնին, որը մինչև այժմ պահպանվում է, քանզի Բաքուն ամեն կերպ փորձում է խուսանավել իր ստանձնած պարտավորությունների կատարումից: Խոսքը մասնավորապես վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն առնչվող այլ հարցերի:
Այնուամենայնիվ, ինչպես և սպասելի էր, տվյալ հանդիպումն անարդյունավետ էր հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման տեսանկյունից (դրա համար որևէ նախադրյալ չկար): Ինչպես արդեն հայտարարել է նախագահ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ, որևէ կոնկրետ պայմանավորվածություն խնդրի լուծման տարբերակների մասին չկա: Ըստ էության, բանակցային գործընթացի երկու կողմերն էլ ունեն հակամարտության կարգավորման իրենց տեսլականը, ավելին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա թերևս, բանակցություններում մեր դիրքորոշման այն կարմիր գիծն է, որը չի կարող հատել որևէ հայ ղեկավար:
Նշենք նաև, որ սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումների առիթ դարձավ նախագահների առանձնազրույցը: Նման ձևաչափը բնավ նոր չէ և նախկինում ևս կիրառվել է: Իսկ հանրային շրջանակների նման ակտիվ արձագանքը թերևս կարելի է պայմանավորել հակամարտության լարվածությամբ և կիրառվող հռետորաբանությամբ: