ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նրա կարծիքով՝ Հայաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների, այդ թվում Իռլանդիայի հետ հարաբերությունների զարգացմանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրներից Ղարաբաղյան հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարևորել է հիմնախնդրի կարգավորման հարցում Իռլանդիայի հավասարակշռված դիրքորոշումը: «Հայաստանը հավատարիմ է հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և բարձր է գնահատում այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետևողական ջանքերը», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Կողմերը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը. այն երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել բարեկամական խմբերի միջև կապերի ամրապնդումը:
Իռլանդիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարցում միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:
Շոն Օ Ֆարիլը նշել է, որ Իռլանդիայում ապրող հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահին հրավիրել է Հայաստան: