ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ իրենք ուշադիր հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հոկտեմբերի 16-ին Ժնևում կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ և նախագահների հանձնառություն՝ կապված շփման գծում լարվածությունը նվազեցնելու, բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր իրականացնելու հետ», - ասվում է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ: Բացի այդ, ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը հույս է հայտնել, որ այս նոր ներգրավածությունը կազդի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հստակ քայլերի վրա։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «խաղաղության նախապատրաստումը պետք է լինի ջանքերի գլխավոր նպատակը»։ ԵԱՀԿ գործող նախագահը, ում ներկայացնում է դեսպան Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս աջակցություն ցուցաբերել կողմերի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին։