«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում կաշառված քաղաքական գործիչների շարքը համալրում է գերմանացի պատգամավոր, Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է, փոխանցում է Արցախպրեսը:
Շտրենցը նվազագույնը 15 հազար եվրո էր ստացել Ադրբեջանի շահերը սպասարկող գերմանական լոբբիստական ընկերության կողմից:
Ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանաադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
Նշվում է, որ Շտրենցը ԵԽԽՎ-ում մշտապես աչքի է ընկել Ադրբեջանին աջակցելով:
Նոր բացահայտումները ցույց են տվել, որ Շտրենցը նաև «շահերի բախման» կեղծ հայտարարագիր է ներկայացրել Եվրոպայի խորհրդին, ինչպես արել էր նաև բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը, ով հրաժարական տվեց ԵԽԽՎ-ից ադրբեջանական կապի բացահայտման արդյունքում, մինչդեռ Շտրենցը շարունակում է պաշտոնավարել: