Հոկտեմբերի 20-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կմեկնարկեն հայ մշակույթի օրերը, հայտնում է Արցախպրեսը:
Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանը ասաց. «Մշակութային օրերը ներկայացնում են հայ մշակույթի բոլոր առավելությունները, անցյալն ու պատմությունը: Այս բոլորը պետք է ներկայացնենք գերմանացիներին, այսինքն՝ գաղափարը՝ հայ մշակույթն ու հայոց պատմությունը ծանոթացնելն է նրանց, ովքեր ծանոթ չեն: Այն առաջին հերթին ուղղված է գերմանացիներին և հայ երիտասարդ սերնդին»,-ասաց նա:
Ատենապետը ներկայացրեց, որ նման միջոցառումները կազմակերպելու միտքն առաջացել է դեռևս 2001 թվականից և հիմնականում իրականացվում է 5 կամ 6 ծրագիր:
«Այս տարի, օրինակ, նախատեսված է 5 ծրագիր: Առաջինը բեմադրություն է հայ մշակույթի և պատմության մասին, երկրորդը Ռաֆայել Թովմասյանի գրքի շնորհանդեսն է: Գիրքը Գերմանիայում ծնված հայ երիտասարդների հոգեբանության, հայի ինքնության մասին է, թե ինչպես է այդ երիտասարդն ապրում ու գոյատևում: Հաջորդ ծրագիրը նախատեսում է «Խոստումը» ֆիլմի դիտումը: Միջոցառումների շրջանակում համերգով ելույթ է ունենալու «Neuberin» հայկական նվագախումբը, որը կատարելու է Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները»,- նշեց Սերովբե Օտապաշեանը և հավելեց, որ մշակութային հանձնախումբը պատկանում է Քյոլնի առաջնորդարանին:
Միջոցառումներին ներգրավված են և՛ հայեր, և՛ գերմանացիներ: Ելույթ են ունենալու օրինակ՝ Անահիտ Թոփչյանը, Էդուարդ Թոփչյանը ու նվագախումբը, Արա Պետրոսյանը և այլն:
«Բոլոր ծրագրերը, կարելի է ասել, շատ հաջող են, սակայն գերմանացիներն ավելի հետաքրքրված են, քան հայերը»,-եզրափակեց նա: