Ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական խոշոր գործողություններ են նախապատրաստում ԱՄՆ-ում: Ինչպես հայտնել Է The Daily Mail-ը` այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը հոկտեմբերի 18-ին Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատանն ունեցած ելույթի ընթացքում:
«Ահաբեկչական խմբավորումները՝ լինի դա «Իսլամական պետությունը» կամ ուրիշներ, ցանկանում են իրականացնել խոշոր պայթյուն, ինչպես որ եղավ սեպտեմբերի 11-ին: Նրանք պատրաստվում են օգտագործել ինքնաթիռ. հետախուզությունը դրանում համոզված է»,-հայտարարել է Դյուքը:
Նրա խոսքով՝ բեռնատարների ու սառը զենքի օգտագործմամբ գործողությունները ահաբեկիչներին հարկավոր են սարսափի մթնոլորտ ստեղծելու, իրենց զինյալներին անգործ չթողնելու և խմբավորման ֆինանսական միջոցներն ապահովելու համար, քանի որ նրանք ինքնաթիռի օգտագործմամբ 2001 թ. սեպտեմբերին տեղի ունեցած վայրագությունների նման այլ «մեծ պայթյուն» են նախատեսում:
«Ահաբեկիչներն ուժեղ են, նրանք շատ արագ են ամեն ինչին հարմարվում, և ահաբեկչության սպառնալիքն այժմ ամենամեծն է սեպտեմբերի 11-ից ի վեր: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք կանխելու այդ ամենը»,-ասել է պաշտոնյան: