Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Դադիվանք» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Դադիվանք միջնադարյան վանական համալիրի մասին, հայտնում է «Արցախպրես»-ը:
«Վանքերը պետք է աղոթող ունենան, և մեր առաքելությունն է այդ աղոթքին մասնակից դարձնել ողջ հայությանը»,-նշել է ֆիլմի սցենարի հեղինակ Ռիտա Շարոյան՝ հավելելով, որ նպատակ ունի առաջիկայում ֆիլմը թարգմանել անգլերեն և այն հասանելի դարձնել աշխարհին:
Ֆիլմի ռեժիսոր Ավետիս Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ նկարահանման աշխատանքները սկսելուց առաջ լիարժեք ծանոթացել է թե վանքի և թե այնտեղ գտնվող ամեն մի խաչքարի պատմությանը:
«Մեր խնդիրն էր Դադիվանքը ներկայացնել՝ որպես մեր ազգային ինքնության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող մի սրբավայր և հայկական մշակույթի հարստություն»,- ասել է նա և հավելել, որ յուրաքանչյուր ռեժիսորի համար հպարտություն է իր ազգի պատմությանն անդրադառնալը:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ արժևորել է Դադիվանքը՝ որպես մի զորեղ սրբավայր ամբողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև այնտեղ են գտնվել սուրբ Դադե առաքյալի մասունքները, շուրջ 800 տարվա հնություն ունեղոց որմնանկարներ, քրիստոնեությունը տարածող 500 միաբաններով վանական համալիր: