Հաջորդ շաբաթ Բաքվում կկայանա Ադրբեջանի և Եվրոպական միության միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: «ԵՄ հետ համագործակցությունն Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով՝ այժմ մշակվում է համաձայնագրի երեք բաժիններից երկրորդը:
Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարին, այն պետք է փոխարինի 1996 թվականի գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին: Նոր համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի օրենսդրության և ընթացակարգերի մոտարկում միջազգային առավել կարևոր չափանիշներին և նորմերին, ինչպես նաև ԵՄ չափորոշիչներին: Համաձայնագիրը պետք է համապատասխանի 2015 թվականին ընդունված Եվրոպական հարևանության քաղաքականությանը:
Նախապես ակնկալվում էր, որ կողմերը բանակցությունները կավարտեն նոյեմբերին և Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հնարավոր կլիներ այն ստորագրել, սակայն արդեն պարզ է, որ դա այս տարի տեղի չի ունենա: Ինչպես կարելի է ենթադրել ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից, կողմերի միջև լուրջ տարաձայնություններ կան Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցերում: Մասնավորապես, Ադրբեջանը ցանկանում է, որ ԵՄ համաձայնագրով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականություն՝ այդ սկզբունքն ամրագրելով համաձայնագրում, ինչը Բրյուսելը կտրականապես մերժում է:
Նշենք, որ և՛ Եվրոպական միության, և՛ Ադրբեջանի համար այս համաձայնագիրը բավականին կարևոր է: Եվրամիությունն էներգակիրների իր աղբյուրների դիվերսիֆիկացման համար բավականին հետաքրքրված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ. թերևս այս պատճառով է, որ Բրյուսելն ընթացիկ բանակցությունների ժամանակ այդքան էլ չի բարձրաձայնում Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումների մասին: Եվրոպան այս կապակցությամբ իր մտահոգությունները վերջին շրջանում հիմնականում արտահայտում է Եվրոպայի խորհրդի միջոցով, որը նույնիսկ հայտարարել է կառույցից Ադրբեջանի բացառելու հնարավորության մասին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս ևս, հետաքրքրված լինելով իր էներգակիրները եվրոպական շուկա հասցնելու հեռանկարով, միևնույն ժամանակ ունի հեղինակությունը պահելու խնդիր: ԵԽԽՎ-ում վերջին շրջանում հնչող հակաադրբեջանական հայտարարությունները, հետաքննությունները, բանաձևերի ընդունումը վկայում են այն մասին, որ եվրոպական ուղղությունում նախագահ Ալիևի քաղաքականությունը կարելի է ասել ձախողվում է: Մյուս կողմից Ադրբեջանի հեղինակության համար հարված է նաև այն հանգամանքը, որ նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետ Ադրբեջանը Բելառուսի հետ միասին կդառնան ԱլԳ երկրների «աութսայդերները»: Բաքվի իշխանություններին այժմ հարկավոր է սեփական հասարակությանը, և ինչու ոչ, միջազգային հանրությանը ցույց տալ, որ դա այդպես չէ: Դրա համար թերևս ամենավառ ապացույցը կարող է ծառայել այն, որ ԵՄ հետ ռազմավարական համագործակցության բանակցությունները հաջողությամբ են ընթանում:
Նման պայմաններում երկու կողմերն էլ, կարծես թե, պատրաստ են որոշակի փոխզիջում կատարել առկա տարաձայնությունների հարցում և չտապալել բանակցությունները: