Կատալոնիայի անկախացման ձգտումները այսօր շրջանի ինքնավարությունը կորցնելու վտանգի են հանգեցրել: Մադրիդն այդպես էլ չկարողացած հաշտվել ինքնորոշման իրավունքի կիրառման փաստի հետ և երկրի պատմության մեջ առաջին անգամ կիրառվելու է Սահմանադրության 155-րդ հոդվածը՝ զրկելու Կատալոնիային ինքնավարության կարգավիճակից:
Այն քայլերը, որոնց այսօր դիմում է պաշտոնական Մադրիդը, դժվար թե կարելի է համարել ժողովրդավարական կամ համապատասխան այն սկզբունքներին, որոնք այդքան կարևորվում են Եվրոպայում: Թույլ չտալով Կատալոնիային անկախանալ՝ Մադրիդը փաստացի մերժում է ինքոնորշման իրավունքի՝ որպես միջազգային իրավունքի սկզբունքի կիրառելի լինելը: Իսկ նման քաղաքականության իրականացման պատճառների թվում կարող է լինել այն, որ սրանով փորձ է արվում խուսափել ազատ կամարտահայտման իրավունքով անկախացման նախադեպեր ունենալուց: Օրինակ՝ կրկին կարող է գլուխ բարձրանալ բասկերի խնդիրը:
Ստեղծված իրավիճակում ոչ միանշանակ կարծիք կա հենց կատալոնացիների մեջ, ինչն իր հերթին ավելի է բարդացնում խնդիրը՝ պաշտոնական Մադրիդի ձեռքում դառնալով խաղաքարտ: Չնայած նրան, որ հոկտեմբերի 1-ին կայացած անկախացման հանրաքվեին մասնակիցների 90%-ը կողմ էր քվեարկել անկախացմանը, քվեարկությանը մասնակցությունը կազմել է ընդամենը 43%: Մասնակցության նման ցածր մակարդակը կարելի է բացատրել Մադրիդի կողմից ձեռնարկած քայլերով, ոստիկանների գործողություններով, բայց ոչ միայն: Նախքան հանրաքվեն արված հարցումների արդյունքները ցույց էին տալիս, որ կատալոնացիների միայն 42%-ն է կողմ Իսպանիայից անկախացմանը: Այս հանգամանքը, բնականաբար, չէր կարող չշահարկվել Մադրիդի կողմից՝ ցույց տալու, որ մեծամասնությունը չէ, որ ձգտում է անկախացման:
Ինչևէ, պետք է նշել, որ անգամ նման փաստարկներ ունենալով, ինչպես նաև ձգտելով պահպանել երկրի միասնականությունը, Մադրիդը պարզապես չի կարող անտեսել ինքնորոշման իրավունքը և դիմել կոշտ միջոցների: