Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:
Քաղաքացիական պաշտպանության առնչվող հարցերին Համաձայնգրում անդրադարձ է կատարվում փաստաթղթի Մաս III-ում՝ Հոդված 109-112: Ընդհանուր ծավալը՝ մոտավորապես 3 էջ:
Համաձայնագիրը հստակեցնում է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանակները՝ այդ թվում անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության ոլորտում կողմերի միջև համագործակցությանը: Մասնավորապես, կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն իրենց համագործակցությունը բնական և տեխնածին աղետների դեմ պայքարի գործընթացում։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով կողմերի՝ հավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաև կողմերի միջև գոյություն ունեցող փոխկախվածությունը և այդ ոլորտում իրականացվող բազմակողմ միջոցառումները։ Կողմերը, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների հիման վրա և (կամ) բազմակողմ ծրագրերի շրջանակներում պետք է փոխանակեն տեղեկություններն ու փորձառությունը և իրականացնեն համատեղ միջոցառումներ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, համագործակցությունը կարող է ընդգրկել հետևյալ նպատակները. խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ աջակցության խթանում՝ անհրաժեշտության և բավարար ռեսուրսների առկայության դեպքում, ԵՄ և ՀՀ վրա ազդեցություն ունեցող մեծամասշտաբ արտակարգ իրավիճակների վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով նախազգուշացումների և թարմացված տեղեկությունների, այդ թվում՝ աջակցության վերաբերյալ պահանջների և առաջարկների փոխանակում, արտակարգ իրավիճակների դեպքում այն երրորդ երկրներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, որտեղ գործում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, հյուրընկալող երկրի աջակցության շուրջ համագործակցություն՝ աջակցություն խնդրելու կամ տրամադրելու դեպքում, աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու և արձագանքելու ոլորտում լավագույն գործելակերպի և ուղեցույցների փոխանակում, աղետների ռիսկի նվազեցման, շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա աղետների ազդեցության գնահատման շուրջ համագործակցություն և այլն: