Սիրիայի խոշորագույն գործվածքի գործարանը, որը գտնվում է Հալեպում՝ Էին ալ-Տալ շրջանում, հոկտեմբերի 21-ից վերսկսել է իր աշխատանքները, հայտնում է Риа Новости-ն:
Գործարանի տնօրեն՝ Սալախ Մարդուտը, պատմել է, որ այդ շրջանը մի քանի տարի վերահսկում էր «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորումը, որտեղից նրանք կրակում էին մոտակա բնակելի թաղամասերի ուղղությամբ:
Մինչ պատերազմը ֆաբրիկան արտադրել է բամբակե թելեր: Արտադրության տարեկան ծավալը կազմել է 14 միլիոն քառակուսի մետր: Հալեպյան հայտնի բամբակի բերք պատերազմից հետո չեն ստացել:
«Հեռանալով շրջանից՝ գրոհայինները դուրս էին հանել նաև սարքավորումների մի մասը: Վնասը գնահատվում է 60 միլիոն դոլար»,- ասել է գործարանի տնօրենը:
Սալախ Մարդուտը հավելել է, որ միջազգային պատժամիջոցները թույլ չեն տալիս գնել անհրաժեշտ բաղադրիչները, անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովում են դիզելային գեներատորների օգնությամբ:
«Սպիտակեղենի արտադրության համար բամբակե թել դեռևս բերում ենք Համա նահանգից: Սպիտակեղենի մատակարարման առաջին պայմանագիրը կնքել ենք առողջապահության նախարարության հետ՝ հիվանդների և զինվորական հոսպիտալների համար»,- ասել է նա: