Վրաստանում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցան մի քանի քաղաքների և շրջանային Սակրեբուլոյի պատգամավորների ընտրություններ: Ընդհանուր առմամբ՝ 64 քաղաքապետ, 64 համայնքների 2,058 պատգամավոր:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է ընտրությունների արդյունքները: Համաձայն դրանց` քվերակությանը մասնակցել է 1,6 մլն մարդ, տոկոսային հարաբերությամբ` ընտրողների 45,64 %-ը:
Պայքարը հիմնականում թեժ էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար. պայքարում էին 13 թեկնածու, այդ թվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր, նախկին էներգետիկայի նախարարը և «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Կախա Կալաձեն, հայտնում է BBC-ին:
Թբիլիսիում ընտրողների 51% քվեն հավաքել և քաղաքապետ է դարձել Կախա Կալաձեն, գրում է Hetq.am-ը:
ՏԻՄ ընտրություններ տեղի են ունեցել նաև Սամցխե-Ջավախքում, որտեղ ընտրողների մասնակցության համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել: Ընտրելու իրավունք ունեցողների 55%-ը մասնակցել է ընտրություններին: Ջավախքում երկու հայաբնակ քաղաքների քաղաքապետեր են ընտրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները:
Ախալքալաքում իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող շրջանային դատախազության աշխատակից Յուրիկ Հունանյանը, համաձայն արդյունքների, ընտրվել է` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 58%-ը:
Նինոծմինդայում ձայների գերակշիռ մեծամասնությամբ` շուրջ 77%, քաղաքապետ է ընտրվել վրաց լեզվի ուսուցչուհի, Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնի նախկին ղեկավար և շրջանային ժողովի պատգամավոր Անիվարդ Մոսոյանը:
Ախալցխայում հայ թեկնածու չէր առաջադրվել: Այստեղ ընտրվել է իշխող ուժը ներկայացնող Զազա Մելիքիձին:
Ընտրությունների հետ կապված Ջավախք հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը հետաքրքիր գրառում է կատարել ֆեյբուքում, որտեղ շեշտում է, որ Ջավախքում նախընտրական քարոզարշավը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պայքարը անձերի մեջ է, այլ ոչ գաղափարների ու ծրագրերի։ Նա նաև հույս է հայտնել, որ հետագայում սակրեբուլոն լիարժեք կկատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները, և ոչ թե ուժային կառույցների հրահանգները:
«Արմեդիա ՏՎԳ» հետ զրույցում «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը այն հարցին, թե ինչու է Ջավախքում իշխանությունը միշտ հաղթանակ տարել և այս անգամը ևս բացառություն չէր, նա պատասխանեց. «Ջավախքում ապրող քաղաքացիների մեծ մասի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ակնկալիք ունենալու համար պետք է համագործացության մեջ լինեն կենտրոնական իշխանության հետ»: Ամփոփելով իր միտքը՝ նա ընդգծեց, որ ի վերջո իշխանությունն ունի խնդիրներ լուծելու իրական լծակներ և հնարավորություն։ Եվ փաստորեն դա արտայատվում է իշխանությանը քվե տալով։