Իրաքյան Քրդստանը հայտարարել է հանրաքվեի արդյունքները սառեցնելու և Բաղդադի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ինքնավարության կառավարության պաշտոնական կայքում:
«Իրաքի ուժերի և Փեշմերգայի միջև առճակատումը, որը սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, հատկապես այսօրվա բախումները, կորուստներ են պատճառել երկու կողմերին էլ, ինչպես նաև հանգեցրել են անդադար արյունահեղության՝ հուզումներ առաջացնելով իրաքյան հասարակության տարբեր հատվածներում», - ասվում է հայտարարությունում:
Ինքնավարության կառավարության հրապարակած առաջարկների թվում է Քուրդիստանում կրակի և ռազմական բոլոր գործողությունների անհապաղ դադարեցում, հանրաքվեի արդյունքների սառեցում և սահմանադրության հիման վրա բաց երկխոսություն Բաղդադի և Էրբիլի միջև: