Հոկտեմբերի 24-ին Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ 2018-ին ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ, հաղորդում է panarmenian.net-ը:
Իր հերթին, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2018թ. -ին Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումների ծավալի աճ է սպասվում:
Իր այցի առաջին օրը ՌԴ վարչապետը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Մեդվեդևը:
Մեդվեդևը հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: