Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն դոլարի չափով վարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը, ասված է բանկի պաշտոնական հաղորդագրությունում:
«Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի և կայուն զարգացման համար», - ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը:
«Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները: Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելուպետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը», - ասված է հաղորդագրությունում:
ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առ այսօր հաստատել է 1.27 միլիարդ դոլարի 26 վարկ և 16.5 միլիոն դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ: