Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում վերջերս Հայաստան այցելած կոնգրեսականներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը հայտարարել են, որ Հայաստանի և Արցախի գրանցած առաջընթացն ուղղակի անհավատալի է, հայտնում է NEWS.am-ը:
«Երևանն արդեն ժամանակակից քաղաք է, տպավորիչ էր նաև Ստեփանակերտը»,- նշել են նրանք:
Կոնգրեսական Փալոնն ընդգծեց, որ մեր օրերի Հայաստանը Միացյալ Նահանգների ոչ միայն բարեկամն է այլև բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում արժեքավոր գործնկերը: Դիմելով ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ֆրենք Փալոնը կոչ արեց աջակցել Հայաստանին. «Սփյուռքի հայեր, խնդրում եմ, շարունակեք աջակցությունը, կանգ մի առեք։ Ձեր աջակցությունը Հայաստանին իրոք կարևոր և արդյունավետ է»:
Ի դեպ, հայ-ամերիկյան բարեկամությունն ավելի ամրապնդելու նպատակով կոնգրեսականները Միացյալ Նահանգներ են հրավիրել Հայաստանի խորհրդարանի պատգամավորների: Կոնգրեսական Փալոնի խոսքով, հայ խորհրդարանականների այցն ԱՄՆ տեղի կունենա արդեն գարնանը: