Հոկտեմբերի 27-ին Իրաքի կառավարական ուժերը և փեշմարգայի քրդական ջոկատները համաձայնության են հասել կողմերի միջև ժամանակավոր հրադադարի մասին։ Արդյո՞ք այն կլինի շարունակական՝ դեռևս պարզ չէ:
Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին կոչ է արել ամբողջությամբ չեղարկել սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում կայացած անկախության հանրաքվեի արդյունքները՝ այդպիսով մերժելով հանրաքվեի արդյունքները սառեցնելու վերաբերյալ Էրբիլի առաջարկը: «Մենք այլ որոշում չենք ընդունի բացի հանրաքվեի ամբողջական չեղարկումից և սահմանդրությունը հարգելուց», - Իրաքի վարչապետի անունից հայտարարել է վերջինիս գրասենյակը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել էին հանրաքվեի արդյունքները սառեցնելու և Բաղդադի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: «Քրդստանի և Իրաքի ժողովուրդների նկատմամբ մեր պարտավորությունները կատարելու համար մենք առաջարկում ենք հրադադարի անհապաղ հաստատում և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում Քրդստանում: Մենք առաջարկում ենք սառեցնել Իրաքյան Քրդստանում անցկացրած հանրաքվեի արդյունքները և բաց երկխոսություն սկսել Քրդստանի տարածաշրջանային կառավարության և Իրաքի դաշնային կառավարության միջև՝ սահմանադրության հիմքի վրա», - ասվում է փաստաթղթում:
«Իրաքի ուժերի և Փեշմերգայի միջև առճակատումը, որը սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին, հատկապես այսօրվա բախումները, կորուստներ են պատճառել երկու կողմերին էլ, ինչպես նաև հանգեցրել են անդադար արյունահեղության՝ հուզումներ առաջացնելով իրաքյան հասարակության տարբեր հատվածներում», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին սկսված ռազմական գործողության արդյունքում Իրաքի զինած ուժերը վերականգնել են վերահսկողությունը նավթով հարուստ Քիրքուք նահանգում, որը, պաշտոնապես չմտնելով ինքնավարության կազմի մեջ, վերահսկվում էր քրդերի կողմից, և Էրբիլը նույնիսկ այնտեղ անկախության հանրաքվե անցկացրեց:
Արդունքում, հանրաքվեի պատճառով առաջացած քաղաքական և ռազմական ճգնաժամի հետ կապված Իրաքյան Քրդստանի բյուջեի եկամուտները ամսեկան 800 մլն դոլարից կրճատվել են մինչև 300 մլն դոլար. կենտրոնական կառավարությունը վերահսկողության տակ է վերցրել նավթային և այլ եկամուտները, վերահսկողություն է սահմանել օդանավակայանների և սահմանային անցակետերի նկատմամբ:
Կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունների կտրուկ սրման և միջազգային աջակցության բացակայության պայմաններում քրդական ինքնավարության իշխանությունները ստիպված են որոշակի զիջումների գնալ հատկապես, որ քաղաքական ճգնաժամ է հասունանում նաև ինքնավարության ներսում: Իրաքյան Քրդստանի ընդդիմությունը պահանջել է առաջնորդ Մասուդ Բարզանիից լքել պաշտոնը՝ նրան մեղադրելով «աղետի» համար, որում հայտնվել են քրդերը Քիրքուքի կորստից հետո: Նման պայմաններում, ամենայն հավանականությամբ, քրդական իշխանությունները կհամաձայնեն նաև չեղարկելու հանրաքվեի արդյունքները: